Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) որակազրկել է Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) նախկին մրցավար Դևիդ Կուտին մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով ՈւԵՖԱ-ի հայտարարությանը։
42-ամյա մրցավարի նկատմամբ պատժամիջոց է կիրառվել «ֆուտբոլի և մասնավորապես ՈւԵՖԱ-ի հեղինակությանը վնաս պատճառելու», ինչպես նաև «պարկեշտ վարքի հիմնական կանոնները խախտելու» համար։
2024 թվականի նոյեմբերին համացանցում տարածվել է տեսանյութ, որում Կուտին նմանվող տղամարդը «Լիվերպուլը» անվանում է «աղբ», իսկ թիմի նախկին մարզիչ Յուրգեն Կլոպին, ով նախկինում քննադատել էր մրցավարին, մեղադրում է ստախոսության մեջ և անվանում «հանդուգն հիմար»։ Ավելի ուշ համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում Կուտը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընթացքում սպիտակ փոշի է շնչում։
Դեկտեմբերին Անգլիայի պրոֆեսիոնալ մրցավարների ասոցիացիան (PGMOL) հետաքննությունից հետո հեռացրել է մրցավարին աշխատանքից։