«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն անհանգստացած է ակումբի վերաբերյալ տեղեկատվության արտահոսքով։ Ակումբի տնօրեն Օմար Բերրան սկսել է հետաքննություն և նախազգուշացրել անձնակազմին, որ նման դեպքերը կհամարվեն «կոպիտ խախտում», ինչը կարող է հանգեցնել անհապաղ աշխատանքից հեռացման։
The Telegraph-ի հաղորդմամբ, Բերրան աշխատակիցներին 580 բառանոց նամակ է ուղարկել, որտեղ նշել է, որ ակումբից գաղտնի տեղեկատվության փոխանցումը խախտում է նրանց կոնֆիդենցիալության պարտավորությունները։ Ակումբը ձեռնարկում է լրացուցիչ միջոցառումներ` արտահոսքերը կանխելու և պատասխանատուներին բացահայտելու համար։
Բերրան նաև հորդորել է աշխատակիցներին զեկուցել, եթե լրագրողները փորձեն կապ հաստատել իրենց հետ՝ ակումբի ներքին խնդիրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով։ Նրա խոսքով, լրագրողները տեղեկատվություն են հավաքում տարբեր աղբյուրներից՝ օգտագործելով մեսենջերներ, հեռախոս և սոցիալական ցանցեր։