Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի ներկայացուցիչները ոչ պաշտոնական բանակցություններ են սկսել ՊՍԺ-ի հետ՝ բրազիլացի ֆուտբոլիստի ֆրանսիական գրանդ հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ լրագրող Սաշա Տավալիերիին հղում անելով։
Աղբյուրի համաձայն՝ Վինիսիուսը կարող է դիտարկել ՊՍԺ տեղափոխվելու տարբերակը, եթե Արքայական ակումբի հետ համաձայնության չգա՝ նոր պայմանագրով աշխատավարձի բարձրացման հարցում։ Ընդգծվում է, որ այս բանակցությունները 24-ամյա հարձակվողի կողմից կարող են օգտագործվել Մադրիդի «Ռեալի» վրա ճնշում գործադրելու համար։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վինիսիուսը մերժել է «Լոս Բլանկոսի» առաջին առաջարկը՝ երկարաձգելու աշխատանքային պայմանագիրը։ Ընդգծվում է, որ ֆուտբոլիստը ներկայումս վաստակում է տարեկան 15 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները, սակայն Վինիսիուսի ներկայացուցիչները կարծում են, որ նրա աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի։