Մադրիդի «Ռեալը» հազվադեպ է տրանսֆերներ կատարում ձմռանը, սակայն պաշտպանությունում կադրային խնդիրները ստիպում են ակումբին մտածել ընթացիկ տրանսֆերային պատուհանում նոր խաղացող ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» հաջորդ շաբաթ կփորձեն ձեռք բերել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։ Վերջերս «արքայական» ակումբը առաջարկ է արել 26-ամյա խաղացողի համար, սակայն այն մերժվել է «Լիվերպուլի» կողմից։
Միևնույն ժամանակ, մերսիսայդյան ակումբը տեղյակ է դեկտեմբերի կեսերից խաղացողի` Մադրիդ տեղափոխվելու ցանկության մասին: Եթե ձմռանը «Ռեալը» ձեռք չբերի անգլիացուն, ապա տրանսֆերը հավանաբար կկայանա ամռանը։ Այդ ժամանակ Ալեքսանդր-Առնոլդը «Սանտյագո Բեռնաբեու» կժամանի ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում Առնոլդը անգլիական գրանդի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։