«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը շարունակում է հարմարվել Անգլիայի Պրեմիեր լիգային և իր նոր թիմին։ Դանիացի հարձակվողի՝ «Ատալանտայից» տեղափոխությունը, որի համար վճարվել է 72 միլիոն ֆունտ, դեռ չի արդարացնում սպասելիքները։
Թիմի հանդեպ քննադատությունը մեծ է, սակայն հաճախ երկրպագուները կենտրոնանում են հենց Հոյլունդի վրա։ Մի երկրպագու պնդել է, որ հարձակվողը թիմում հայտնվել է միայն Էրիկ Տեն Հագի հետ ընդհանուր գործակալի շնորհիվ։
Այդ գրառմանը Ռասմուսը որոշել է անձամբ պատասխանել։ «Բարև, ընկեր։ Գիտեմ՝ դու իրավունք ունես կարծիք ունենալու, բայց խնդրում եմ, դադարիր խոսել այն բաների մասին, որոնցից բացարձակ տեղյակ չես։ Սա է իմ պատասխանը»,- գրել է նա երկրպագուին։
Իսկ երկրպագուն դրան պատասխանել է հետևյալ կերպ. «Հոյլունդը փորձում է ինձ ընկեր կոչել։ Ես պարզապես ուզում եմ, որ իմ ակումբը ունենա արժանի հարձակվողներ։ Եթե 72 միլիոն ֆունտանոց ֆուտբոլիստի միակ ներդրումը լինում է Instagram-ում մեկնաբանություններին պատասխանելը, ապա մեզ սպասում են դժվար ժամանակներ»։