«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Մբապեն դժվար մեկնարկ ունեցավ, բայց ես միշտ հավատում էի, որ նա հաջողության կհասնի «Ռեալում»: Կիլիանը աչքի կընկնի ու շատ գոլ կխփի։ Նա բավական տաղանդ ունի, որպեսզի համարվի աշխարհի լավագույններից մեկը և հանդես գա «սերուցքայինների» կազմում: Որոշ ժամանակ կպահանջվի հարմարվելու համար, բայց ես վստահ եմ, որ դրանից հետո նա կդառնա թիմի առաջատարն ու «Ոսկե գնդակի» ֆավորիտը»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբին միացել է անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով: Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։