Դեկտեմբերի 15-ին «Միլանը» Ա Սերիայի 16-րդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ (0:0):
Այս հանդիպումը կայացավ «Միլանի» 125-ամյակի համատեքստում: Խաղից հետո «ռոսոներիի» երկրպագուները բողոքել են թիմի գրանցած արդյունքներից։ Ակումբի «Curva Sud» երկրպագուական խումբը «Սան Սիրոյից» դուրս դրել է պաստառ՝ մակագրությամբ. «Մենք սպասում և անվերջ աջակցում ենք ձեզ, բայց մենք հոգնել ենք ձեր միջակությունից»:
Դեկտեմբերի 16-ին «Միլանը» նշեց ակումբի 125-ամյակը և մասնավոր միջոցառում անցկացրեց ակումբի անդամների համար։
Երկրպագուական խումբը՝ «Curva Sud»-ը, հայտնվել է արարողության վայրի դիմաց։ Նրանք երկու պաստառ են կախել։
Առաջինում գրված էր. «Անգործունակ մենեջերներ, ակումբ առանց ամբիցիաների։ Դուք չեք համապատասխանում մեր պատմությանը»։ Երկրորդում գրված էր. «Առանց արժանապատվության ֆուտբոլիստներ, դուք ձեր տիրոջ հայելին եք»։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կայացած 16 տուրերից հետո «Միլանը» 23 միավորով 8-րդն է։