Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիան (ՈւՖԱ) հրապարակել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պատասխանը՝ կապված բողոքի հետ, որը ներկայացվել էր աշխարհի քարտեզի ցուցադրման պատճառով, որտեղ Ղրիմը նշված էր որպես Ռուսաստանի մաս։ Դեպքը տեղի էր ունեցել նախօրեին Ցյուրիխում՝ 2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական ընտրական փուլի վիճակահանության ժամանակ։
«Խնդրահարույց ինֆոգրաֆիկ քարտեզը մշակվել է երրորդ կողմի՝ համապատասխան ծառայություններ մատուցող արտաքին կապալառուի կողմից։ Հարցը հայտնաբերելուց հետո մենք անմիջապես քայլեր ձեռնարկեցինք իրավիճակը լուծելու համար, մասնավորապես, միջոցներ ձեռնարկեցինք պատկերը շրջանառությունից հեռացնելու ուղղությամբ։ Բացի այդ, մենք անցկացնում ենք ներքին ստուգում՝ համոզվելու համար, որ նման սխալներ հետագայում չեն կրկնվի։ Մենք լիովին գիտակցում ենք այս հարցի նրբությունը, և, թեև միջադեպը կանխամտածված չէր, մենք անկեղծորեն զղջում ենք այն հնարավոր բարոյական վնասի համար, որը դա կարող էր պատճառել»,- մեջբերում է ՖԻՖԱ-ի հայտարարությունը ՈւՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ տվյալ միջադեպը քննադատության էր ենթարկել նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, որը պահանջել էր ՖԻՖԱ-ի հրապարակային ներողությունը։