«Լիվերպուլի» փոքրիկ երկրպագու Այզեքի համար հերթական առավոտը տարրական դպրոցում սկսեց շատ սովորական ձևով մինչ այն պահը, երբ նրա կուռքերն անսպասելիորեն հայտնվեցին դպրոցում։
Այզեքը ծնվել է Վոլֆ-Հիրշհորնի հազվագյուտ սինդրոմով և լրջորեն հետ է մնում իր հասակակիցներից զարգացման մեջ։ Սակայն այս հիվանդությունը չի խանգարել փոքրիկին հայտնի դառնալ սոցիալական ցանցերում։
6-ամյա տղան հասցրել է դառնալ «մերսիսայդցիների» երկրպագուների սիրելին՝ «Լիվերպուլի» մասին երգերը սրտանց կատարելու համար։
«Լիվերպուլի» երիտասարդ երկրպագուն իր ուսուցչի հետ դաս էր անում, երբ հանկարծ դասարան ներս մտավ Վիրջիլ Վան Դայկը: Այզեքը դեռ չէր հասցրել ընտելանալ Վիրջիլին, երբ նրան սպասում էր նոր անակնկալ՝ հանդիպում Մոհամեդ Սալահի հետ:
Հպարտ ծնողների՝ Ալանի և Մելիսայի աչքի առջև Այզեքը զրուցում էր իր հերոսների հետ: Նա ցույց տվեց ֆուտբոլիստներին իր փափուկ խաղալիքները՝ Վիրջիլին և Մոհին, որոնք ամեն օր իր հետ դպրոց էին գալիս:
Այզեքն առանց այդ էլ երկար կհիշեր իր սիրելի խաղացողների հետ հանդիպումը, բայց նրանք որոշեցին նրան ավելի շատ կախարդական պահեր նվիրել: Տղան ֆուտբոլիստների հետ ուղևորվեց «Լիվերպուլի» բազա:
Այզեքը շրջում էր շենքի միջով, ամեն ինչ ուշադրությամբ դիտում և զվարճալի զրույցներ էր վարում ճանապարհին հանդիպող «Լիվերպուլի» խաղացողների հետ:
Էքսկուրսիայից հետո Մոհամեդը և Վիրջիլը հայտնեցին Այզեքին, որ նա մյուս երեխաների հետ միասին խաղադաշտ դուրս կբերի «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին «Մանչեսթեր Սիթիի» դեմ տնային խաղի ժամանակ: Մենք անհամբեր սպասում ենք Այզեքի արկածների շարունակությանը «կարմիրների» հետ՝ այս անգամ արդեն «Էնֆիլդում»։