36-ամյա «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իր կարծիքն է հայտնել 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալի մասին։
«Առաջին անգամ նրան նկատեցի մարզման ժամանակ, երբ նա 15 տարեկան էր։ Ես շատ տաղանդավոր խաղացողների եմ տեսել, բայց երբ տեսա Յամալին, առաջին անգամ կյանքումս ինքս ինձ ասացի՝ «Վաու։ Ո՞վ է սա։ Ի՞նչպես է հնարավոր այս մակարդակին հասնել այս տարիքում»։
Հետո նա դարձավ 16 տարեկան, և ես նորից մտածեցի, որ անհնար է այսքան լավ ֆուտբոլիստ լինել։ Նա շատ խելացի է։ Մի կողմից անհավատալի է այն, ինչ նա արել է և շարունակում է անել։
Մյուս կողմից, շուտով նրա համար մեծ փորձություն կլինի այս մակարդակը պահպանելը կամ, գուցե, հաջորդ քայլն անելը։ Նա պետք է մտածի, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի շարունակի մնալ գագաթնակետին 28, 29 կամ 30 տարեկանում», — ասել է Լևանդովսկին Ռիո Ֆերդինանդի YouTube-ալիքում հրապարակված տեսանյութում։