Ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպան Զինեդին Զիդանը նշել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ամենադժվար մրցակցին։
«Իմ կարիերայի ամենաբարդ մրցակի՞ցը. Պոլ Սքոուլզը «Մանչեսթեր Յունայթեդից»: Նա կատարյալ կիսապաշտպան է։ Սքոուլզն, անկասկած, իր սերնդի լավագույն կիսապաշտպանն է»,- Զիդանի խոսքերն է մեջբերում Give me Sport-ը։
Ավելի վաղ Զինեդին Զիդանը Պրեմիեր լիգայի լեգենդներ Սթիվեն Ջերարդի և Ֆրենկ Լեմպարդի միջև ընտրել էր իր վարկածով լավագույնին։ Զիդանը նշել էր «Չելսիի» նախկին խաղացողի անունը:
Հիշեցնենք, որ Զինեդինը հեռացել է «Ռեալից» 2021 թվականին և այդ ժամանակվանից ի վեր որպես գլխավոր մարզիչ այլ տեղ չի աշխատել։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Ֆրանսիայի հավաքականի ղեկին նա կարող է փոխարինել Դիդյե Դեշամին։