Վաղը՝ ապրիլի 2-ին, կկայանա ՀՖՖ Գործկոմի նիստը, որի ընթացքում կքննարկվի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի առաջնությունների անցկացման հնարավոր սցենարները, որոնք կտրամադրվեն նաև Հայաստանի առաջնությունների մասնակից ակումբներին:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների՝ այսօր կայացած քննարկման ընթացքում քննարկվել են ակումբային մրցաշարերի և ազգային առաջնությունների շարունակության մի քանի սցենարներ: Վերջնական որոշումը կկայացվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված իրավիճակի հետագա զարգացումը:
Մարտի 30-ին կայացած ՀՖՖ Գործադիր Կոմիտեի հեռավար նիստի ընթացքում մշակվել էր առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե որ ժամկետներում այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1։
ՀՖՖ նախագահը նաև հայտնել էր, որ այս պահին ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսային համաճարակի տարածման պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։