Գերմանական Բունդեսլիգայում կայացան 3-րդ տուրի հանդիպումները, Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում 6։1 հաշվով ջախջախեց առաջնության նորեկ «Հոլշտեյնին»։ Հանդիպման առաջին գոլը՝ որը հեղինակեց Ջամալ Մուսիալան պատմական դարձավ գերմանական գրանդի համար։
21-ամյա կիսապաշտպանը հանդիպման 14-րդ վայրկյանին Հարի Քեյնի փոխանցումից հետո բացեց հաշիվը՝ խփելով «Բավարիայի» 21-րդ դարում ամենաարագ գոլը Բունդեսլիգայում։
Նշենք, որ պատմության մեջ «Բավարիայի» խաղացողները միայն երկու անգամ են ավելի արագ գոլ խփել՝ 1986 թվականի ապրիլին Լոթար Մատաուսը գոլ խփեց 13-րդ վայրկյանին, իսկ 1998 թվականի հունվարին Ջովանի Էլբերը գոլ խփեց 11-րդ վայրկյանին։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 3 խաղերից հետո ունի վաստակած 9 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































