Մյունխենի «Բավարիայի» ավագ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն, 38-ամյա դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է ակումբից հեռանալու մասին հարցին։
«Այս պահին ես ինձ լավ եմ զգում։ Ինձ թվում է նաև, որ նրանք գոհ են իմ ելույթից։ Չեմ ծրագրում հեռանալ ակումբից մրցաշրջանի ավարտից հետո. Եվ ես մրցաշրջանը չեմ սկսում այն մտքով, որ ամեն ինչ կավարտվի հունիսին»,- Նոյերի խոսքերն է մեջբերում գերմանական Kicker պարբերականը։
Հիշեցնենք, որ վերջերս դարպասապահը հայտարարել էր, որ ավարտում է կարիերան Գերմանիայի հավաքականում։ Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 124 խաղ՝ ազգային հավաքականում իր նորամուտը նշելով 2009 թվականին։ Նա «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 38-ամյա գերմանացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո:
























































