Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է դարպասապահ Մանուել Նոյերի՝ հավաքականում կարիերան ավարտելու որոշումը։
«Չնայած ես հասկանում եմ Մանուելի որոշումը և նրա դրդապատճառները, այդուհանդերձ նրա հեռանալը մեծ կորուստ է թե՛ մարզական, թե՛ անձնական մակարդակով: Մանուն, ինչպես ոչ ոք ֆուտբոլի պատմության մեջ, ձևավորեց դարպասապահության նոր ոճ: Նրա վարպետությունը որոշիչ գործոն է եղել այն գաղափարի ձևավորման համար, թե ինչպես ենք մենք ցանկանում ֆուտբոլ խաղալ: Մանուելը եղել և մնում է հիանալի մարզիկ և հիանալի մարդ։ Ես հաճախ եմ խոսել նրա հետ և ուրախ եմ, որ կարող եմ այդպես շարունակել ապագայում: Մենք Մանուին կկարոտենք հավաքականում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին հայտարարել էր նախօրեին՝ օգոստոսի 21-ին։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Նոյերը մտադիր է Գերմանիայի հավաքականում մնալ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։ Միևնույն ժամանակ Նոյերը չի լինի թիմի կազմում սեպտեմբերին կայանալիք Ազգերի լիգայի խաղերին։
Աշնանը Գերմանիան Ազգերի լիգայի խմբային փուլում երկու հանդիպում կանցկացնի՝ խաղալով Նիդերլանդների ու Հունգարիայի հետ։ Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 124 խաղ, իսկ ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2009թ.: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 38-ամյա գերմանացի ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 4 միլիոն եվրո:
























































