«Բավարիայի» 29-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լեոն Գորեցկան այս ամառ չի հեռանա մյունխենյան ակումբից։ Այս մասին հայտնում է Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ լրագրող Մաքսիմիլիան Կոխին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը ցանկանում է ավարտին հասցնել իր պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, և հանդես գալ նոր գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիի թիմում։ Նշվում է, որ գերմանացի ֆուտբոլիստը դրական է տրամադրված՝ չնայած խաղային րոպեների սղությանը և խոսակցություններին, որ ինքը չի մտնում բելգիացի մարզչի ծրագրերի մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նապոլին» հետաքրքրված է Գորեցկայի ծառայություններով։
Գորեցկան «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 221 հանդիպման, որոնցում դարձել է 40 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
























































