«Բավարիան» ցանկանում է հաջորդ մրցաշրջանում պահել գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, հայտնում է Sky Sports առցանց հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիայի» ղեկավարության և Թոմաս Տուխելի այսօրվա բանակցություններից հետո ակումբը որոշել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանը սկսել գերմանացի մասնագետի հետ։ Երկու կողմերն էլ աշխատում են նրան աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու ուղղությամբ: Ինքը՝ Տուխելը, հակված է մնալ «Բավարիայում»՝ չնայած վերջին մի քանի դժվարին շաբաթներին և ակումբի պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի հրապարակային քննադատությանը:
Այնուամենայնիվ, դեռևս չկա ամբողջական համաձայնություն։ Բանակցությունների խոչընդոտը պայմանագրի նոր ժամկետն է։ Այժմ մասնագետը ցանկանում է պայմանագիր կնքել առնվազն մինչև 2026 թվականը։ Վերջնական որոշումը սպասվում է շուտով։
«Բավարիան» այս պահին երրորդն է մրցաշարային աղյուսակում՝ մեկ միավորով զիջելով «Շտուտգարտին», բայց մեկ խաղ պակաս անցկացնելով։
























































