Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ կազմակերպությունը հետաքննություն է անցկացրել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի՝ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղում (2:0) հարձակվող Մեյսոն Գրինվուդի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու գործով:
«Ճիշտ է, որ Լա Լիգան հետաքննել է Բելինգհեմի գործը: Սա առաջին դեպքը չէ, երբ մենք օգտագործում ենք շուրթերի ընթերցանություն հետաքննության ընթացքում: Մենք չգիտենք, թե ինչ ազդեցություն է ունեցել այն,ինչ ասվել է: Միգուցե նա ընդհանրապես չի ասել այն, ինչ պնդում է»,- Տեբասի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խաղի ժամանակ «բռնաբարող» է անվանել իր հայրենակից, «Խետաֆեի» ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդին։ Դա տեղի է ունեցել խաղացողների դաժան մենապայքարից հետո։
Գրինվուդը «Խետաֆե» է տեղափոխվել անցյալ սեպտեմբերին: Մինչ իսպանական ակումբին միանալը, անգլիացի ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս էր մնացել ավելի քան 18 ամիս այն բանից հետո, երբ ձերբակալվել էր բռնաբարության և հարձակման փորձի կասկածանքով, բայց ի վերջո արդարացվել էր: