«Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրեզենը խոսել է մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ պայմանագիրը խզելու որոշման մասին։
«Լավ, բաց քննարկման արդյունքում մենք հանգել ենք որոշման՝ ամռանը փոխադարձ համաձայնությամբ դադարեցնել մեր աշխատանքային հարաբերությունները։ Մեր նպատակն է 2024/25 մրցաշրջանում նոր գլխավոր մարզչի հետ ֆուտբոլային նոր ուղղություն զարգացնել։ Մինչ այս ակումբի յուրաքանչյուր աշխատակից կփորձի առավելագույն արդյունքի հասնել Չեմպիոնների լիգայում և Բունդեսլիգայում։ Չեմպիոնների լիգայում, մասնավորապես, «Լացիոյի» հետ առաջին խաղում 1:0 հաշվով պարտվելուց հետո, մենք վստահ ենք, որ մեր երկրպագուների աջակցությամբ լեփ-լեցուն «Ալիանց Արենայում» դուրս կգանք քառորդ եզրափակիչ»,- Դրեզենի խոսքն է մեջբերել ակումբի կայքը:
Փետրվարի 21-ին «Բավարիան» հայտարարեց, որ Տուխելը կլքի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո։
Թիմը այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է։