«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղից հետո (2:1) էմոցիոնալ է պատասխանել Մադրիդի «Ռեալի» հետ միավորների տարբերության մասին լրագրողների հարցին: Հանդիպումից առաջ «Բարսելոնան» Մադրիդի «Ռեալին» զիջում էր 10 միավորով։ «Լաս-Պալմասի» դեմ խաղում տարած հաղթանակի շնորհիվ տարբերությունը կրճատվել է յոթի։
«Մենք 10 միավորով հե՞տ էինք «Ռեալից». դուք միշտ բացասական ենթադրություններ եք անում իմ մասին։ Դուք դա չեք անում այլ մարզիչների հետ: Մենք հաղթեցինք, և նման տարբերություն չկա, այնպես չէ՞: Այնպես որ դրա մասին խոսելն անհեթեթություն է», — Չավիի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Մադրիդի «Ռեալը» 48 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Բարսելոնան» 41 միավորով երրորդ տեղում է։
























































