Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի բացառել ապագայում Բելգիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը։
Նախկինում դարպասապահը կոնֆլիկտ էր ունեցել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ։ Մասնագետը թիմի ավագ էր նշանակել Ռոմելու Լուկակուին, ինչը հունից հանել էր Կուրտուային։
Դարպասապահը նշել է, որ այս պահին խախտվել է վստահությունը մարզչական շտաբի նկատմամբ, և ինքը չգիտի՝ ինչպես ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Բայց նա հավելել է, որ չի բացառում ապագայում թիմ վերադառնալը։
«Ինձ շատ է դուր գալիս ազգային հավաքականում խաղալը: Ֆուտբոլիստի համար աշխարհի առաջնությունն ու Եվրոն լավագույնն են, չհաշված, թերևս, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Ինձ համար դուռը բացարձակապես փակ չէ։ Պարզապես գիտեմ, որ այս մրցաշրջանում պետք է կենտրոնանամ «Ռեալի» վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը։