Նոյեմբերի 11-ին կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի «Բավարիա»-«Հայդենհայմ» հանդիպումը։
«Բավարիան» հաղթանակ տարավ 4-2 հաշվով։ Տանտերերի կազմում հարձակվող Հարի Քեյնը հանդիպման ընթացքում երկու գոլ խփեց ու Բունդեսլիգայի ռեկորդ սահմանեց։
Անգլիացին դարձավ պատմության մեջ առաջին խաղացողը, ով Բունդեսլիգայի մեկնարկային 11 տուրերում 17 գոլ է խփել։ Բացի այդ, նա չորրորդ խաղն անընդմեջ մեկից ավելի գոլ է խփել։ Հետաքրքիր է, որ Քեյնն այս մրցաշրջանում արդեն ավելի շատ գոլ է խփել, քան Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ ֆուտբոլիստները՝ Ֆուլկրուգն ու Նկունկուն (16-ական գոլ)։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա հարձակվողը «Բավարիայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում: Նա ունի 21 գոլ և 7 գոլային փոխանցում իր ակտիվում։
























































