Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեն ճանաչվել է Ասիայի՝ միջազգային ասպարեզում հանդես եկող տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակն ավանդաբար շնորհվում է ասիացի ուժեղագույն խաղացողներին, ովքեր հանդես են գալիս իրենց հայրենի մայրցամաքի սահմաններից դուրս: Հաղթողի անունը հայտնի է դարձել Դոհայում կայացած պաշտոնական արարողության ժամանակ։
Կիմն Իտալիայի չեմպիոն է դարձել 2023 թվականին «Նապոլիի» կազմում։ Հետո նա 50 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բավարիա», որտեղ անմիջապես դարձավ հիմնական կազմի խաղացող։ Կորեացին Ասիայի միակ ներկայացուցիչն էր 2023 թվականի «Ոսկե գնդակի» անվանակարգում (ընդգրկված էր լավագույն 30-ում)։
Լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմին և «Բրայթոնի» վինգեր Կաորու Միտոման:
Նշենք, որ վերջին 8 տարիների ընթացքում չորս անգամ մրցանակի դափնեկիր է դարձել «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը, ով, սակայն, այս անգամ չի ընդգրկվել լավագույն եռյակում։
Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստ Սալեմ Ալ Դավսարին ճանաչվել է Ասիայում հանդես եկող տարվա լավագույն ֆուտբոլիստ։
«Տոկիոյի» ճապոնացի կիսապաշտպան Կուրյու Մացուկին ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ, իսկ Ճապոնիայի հավաքականի մարզիչ Հաձիմե Մորիյասուն՝ տարվա լավագույն մարզիչ։
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը ստացել է Ավստրալիայի կանանց հավաքականի առաջատար Սամանտա Քերը։