«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է 26-րդ տեղը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)՝ հղում կատարելով մրցանակի պաշտոնական ռեսուրսներին։
Նախորդ մրցաշրջանում երիտասարդ գերմանացին Բունդեսլիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Մուսիալան նաև երկու գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայի ինը խաղում:
27-ից 30-րդ տեղերը զբաղեցրել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան, ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիաշը:
Հիշեցնենք, որ France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 23:45-ից սկսած: Մրցանակի գլխավոր հավակնորդը համարվում է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
























































