Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Կոշիցեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Լավ ելույթ մեր կողմից: Լիլում կայացած բարդ ու ֆիզիկապես ծանր հանդիպումից հետո մենք ընդամենը երկու օր ունեինք պատրաստվելու համար։ Առաջին խաղակեսում մենք լավ խաղացինք։ Ես ցանկանում էի ռոտացիայի ենթարկել խաղացողներին, թույլ տվեցի հանգստանալ միայն չորս-հինգ ֆուտբոլիստի։ Չորեքշաբթի կայանալիք խաղում նորից ռոտացիա կլինի։ Մեր նպատակն է դա անել հավասարակշռված, որպեսզի խաղադաշտում որակ ու թարմություն ունենանք։
Ես գոհ եմ ելույթից, մենք չորս գոլ խփեցինք և մի քանի լավ հնարավորություն ունեցանք։ Մեր սխալից հետո մրցակցին մեկ հնարավորություն տվեցինք։
Մենք թիմով լավ մարզավիճակում ենք, Բարսեղյանն ու Չավրիչը հիանալի մարզավիճակում են, լավ են խաղում։ Նրանք մեր առանցքային խաղացողներն են հարձակման գծում»,- Վայսի խոսքն է մեջբերել ակումբի մամուլի ծառայությունը։
Այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































