Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսի ծառայություններով և մտադիր է հաջորդ ամառ նրան թիմ հրավիրել, հայտնում է Mundo Deportivo-ն։
Տրանսֆերը կարող է կայանալ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ այդ ժամանակ կավարտվի գերմանացու պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Կրոսին վճարել 15 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Նրա տրանսֆերով հետաքրքրված է «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ում գլխավորությամբ ֆուտբոլիստն արդեն խաղացել է «Բավարիայում» 2013/14 մրցաշրջանում։
Հիշեցնենք, որ Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրած 11 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանիայի առաջնության ինը տուրից հետո «Ռեալը» 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։