Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Մաթիաս Դե Լիխտը բացատրել է, թե ինչու է որոշել հեռանալ «Յուվենտուսից» և տեղափոխվել «Բավարիա»՝ նշելով, որ Չեմպիոնների լիգայում հաղթելու հեռանկարը կարևոր գործոններից մեկն է։
«Բավարիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից «Վիլյառեալի» խաղից հետո, իսկ հետո նրանք կապ հաստատեցին իմ գործակալի հետ և ասացին, որ նոր պաշտպանի կարիք ունեն: Դրանից հետո գործակալն ինձ պատմեց իրավիճակի մասին և հարցրեց, թե արդյոք ցանկանում եմ տեղափոխվել «Բավարիա»: Ես անմիջապես ասացի, որ եթե նման հնարավորություն լիներ, դեմ չէի լինի փորձել։
«Յուվենտուսում» ես գոհ էի ամեն ինչից, երկրպագուները գնահատում էին ինձ, բայց երբ «Բավարիայի» նման ակումբը ցանկանում է քեզ հետ պայմանագիր կնքել, դու իրական հնարավորություն ունես հաղթելու Չեմպիոնների լիգան։ Ես ստիպված չէի երկար մտածել, նախքան որոշելը»,- ասել է Դե Լիխտը Voetbalzone-ին:
Դե Լիխտը «Յուվենտուս» է տեղափոխվել «Այաքսից» 2019 թվականի ամռանը՝ 75 միլիոն եվրոյի դիմաց՝ առանց բոնուսների։ Չնայած հնգամյա պայմանագրի ստորագրմանը, հոլանդացին ընդամենը երեք տարի անց լքեց Թուրինը՝ 2022 թվականին միանալով «Բավարիային»՝ 67 միլիոն եվրոյի դիմաց:
























































