«Յուվենտուսի» նախկին խաղացող Լեոնարդո Բոնուչին մտադիր է դատական հայց ներկայացնել թուրինյան ակումբի դեմ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 36-ամյա պաշտպանը ցանկանում է դիմել դատարան, քանի որ «Յուվենտուսը» նրան առանց բացատրության դուրս է թողել հայտացուցակից, ինչպես նաև համապատասխան մարզումային պայմաններ չի տրամադրել ֆուտբոլիստին՝ պատճառելով մասնագիտական և իմիջային վնաս։ Եթե հայցը բավարարվի և փոխհատուցում ստանա «Ծեր սինյորայից», Բոնուչին այս գումարը կնվիրաբերի մի բարեգործական կազմակերպության, որն աջակցում է Թուրինի հիվանդանոցներում գտնվող երեխաների ընտանիքներին:
Հիշեցնենք, որ անցած ամառ Բոնուչին հեռացավ «Յուվենտուսից», իսկ սեպտեմբերի 1-ին դարձավ գերմանական «Ունիոնի» խաղացող։