Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան (DFB) բանակցություններ է վարում Յուլիան Նագելսմանի և Մաթիաս Զամերի հետ՝ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակվելու շուրջ, հայտնում է The Telegraph-ը։
Պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հանս-Դիտեր Ֆլիկը հեռացվել է ընկերական խաղում Ճապոնիայից 1-4 հաշվով կրած պարտությունից հետո:
Յուլիան Նագելսմանը ներկայումս Ֆլիկին փոխարինելու բացահայտ ֆավորիտ է: Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը մարտին մյունխենյան ակումբից հեռանալուց հետո առանց աշխատանքի է։
Եթե Նագելսմանը նշանակվի, DFB-ն, ամենայն հավանականությամբ, պետք է «Բավարիային» վճարի մինչև 10 միլիոն եվրո փոխհատուցում, քանի որ մարզիչը դեռևս պայմանագիր ունի ակումբի հետ:
Եթե այս մասնագետներից ոչ մեկը չնշանակվի, ապա, ամենայն հավանականությամբ, Գերմանիայի հավաքականի ներկայիս տնօրեն Ռուդի Ֆյոլերը թիմը կնախապատրաստի 2024 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Գերմանիայում։
























































