Լևերկուզենի «Բայերն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Իսպանացի մասնագետի և ակումբի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ալոնսոյի նախկին պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսը։
Ալոնսոն Լևերկուզենի «Բայերը» գլխավորել է 2022 թվականի հոկտեմբերին։ Նրա գլխավորությամբ անցած մրցաշրջանում Լևերկուզենը ներկայացնող թիմը կարողացել է դուրս գալ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ և Գերմանիայի առաջնության եզրափակիչ մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է վեցերորդ տեղը։
Լևերկուզենի «Բայերը» 41-ամյա Ալոնսոյի մարզչական կարիերայի առաջին բարձրագույն ակումբն է։ Մինչ այդ մասնագետը հասցրել է աշխատել Մադրիդի «Ռեալի» և «Ռեալ Սոսյեդադի» համակարգերում։
Իր խաղային կարիերայի ընթացքում Ալոնսոն հանդես է եկել «Ռեալ Սոսյեդադում», «Լիվերպուլում», «Ռեալում» և «Բավարիայում»։
























































