«Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված կիսապաշտպան Մեյսոն Մաունթը նոր թիմում ստացել է 7-րդ համարի մարզաշապիկը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։ Այս համարի վերջին սեփականատերը Կրիշտիանու Ռոնալդուն էր, ում պայմանագիրը խզվել էր 2022 թվականի նոյեմբերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» կվճարի ավելի քան 50 միլիոն եվրո։
Մաունթը «Չելսիի» սան է, նա թիմի կազմում է 2005 թվականից։ Ընդհանուր առմամբ, Կապույտների առաջին թիմի կազմում Մաունթն անցկացրած 197 խաղում դարձել է 33 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի ամառը։ Ընդհանուր առմամբ, Մաունթը «Չելսիի» հետ նվաճեց երեք գավաթ՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Աշխարհի ակումբային առաջնությունում:
Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին ձեռքբերումն է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։























































