Ռիշարլիսոն դե Անդրադեն հայտնել է, որ կցանկանար խաղալ Մադրիդի «Ռեալում», բայց մինչև պայմանագրի ավարտը չի պատրաստվում հեռանալ «Տոտենհեմից»։
«Իհարկե, յուրաքանչյուր խաղացող ցանկանում է կրել «Ռեալի» մարզաշապիկը, նրանք աշխարհի ամենամեծ ակումբն են։ Բայց ես ունեմ ակումբ, պայմանագիր, պետք է ցույց տամ, թե ինչու են ինձ համար այդքան թանկ վճարել:
Անցած մրցաշրջանը ձախողեցինք նաև այն վնասվածքների պատճառով, որոնք ես ստացա «Տոտենհեմում»: Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը կրելը յուրաքանչյուր խաղացողի երազանքն է։ Բայց ես դեռ պետք է ցուցադրեմ իմ խաղը «Տոտենհեմի» մարզաշապիկով»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Globo-ն։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանում Ռիշարլիսոնը անցկացրել է 27 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «Տոտենհեմ» է տեղափոխվել ամռանը՝ նախորդ մրցաշրջանից առաջ։