Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական կայքում հրապարակել է Գերմանիայի առաջնությունում հաղթանակի դեպքում չեմպիոնական շքերթի երթուղին։
Բունդեսլիգայի եզրափակիչ տուրում թիմը շաբաթ օրը՝ մայիսի 27-ին, կհյուրընկալվի «Մայնցին»: Հաղթանակի դեպքում «Բորուսիան» 9-րդ անգամ կդառնա երկրի չեմպիոն։ Դորտմունդցիները տիտղոսը կնվաճեն նաև այն դեպքում, եթե Մյունխենի «Բավարիան» չկարողանա զուգահեռ հանդիպման ժամանակ հաղթել «Քյոլնին»:
Նշվում է, որ առաջնության շքերթը նախատեսված է կիրակի օրը՝ մայիսի 28-ին, այն կսկսվի տեղական ժամանակով 12:09-ին: Այն կտևի մոտ չորս ժամ, որի ընթացքում խաղացողներով ավտոբուսը կանցնի ավելի քան չորս կիլոմետր տարածություն։ Այդ օրը ոստիկանության աշխատակիցները Դորտմունդում ժամանակավոր անցակետեր կստեղծեն։
Գերմանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Բորուսիան» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկու միավորով գերազանցելով «Բավարիային» (68): Միավորների հավասարության դեպքում մյունխենյան ակումբը խփած և բաց թողած գոլերի տարբերության շնորհիվ կդառնա չեմպիոն։
























































