Դորտմունդի «Բորուսիան» ներկայացրել է նոր մարզաշապիկը, որով թիմը հանդես է գալու 2023/24 մրցաշրջանում:
Մարզաշապիկի դիզայնը հեղինակել է գերմանական թիմի երկրպագուներից մեկը: Այս մասին հայտնում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Ավելի քան մեկ տարի առաջ ակումբը նոր մարզաշապիկի ստեղծման մրցույթ էր հայտարարել: Ավելի քան 100 երկրներից ստացվել էր շուրջ 15 հազար դիզայն: Այնուհետև, 150 հազար երկրպագուներ ընտրություն են կատարել 9 ֆինալիստների շրջանում: Վերջնական տարբերակն ընտրվել է ձայների ճնշող առավելությամբ:

Երկրպագուների քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել գրաֆիկ դիզայներ Տիմոն՝ գերմանական Մարլ քաղաքացից, և դարձել է 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկի պաշտոնական դիզայները: Քվեարկության արդյունքներից հետո նա ակտիվորեն մասնակցել է մարզաշապիկի ստեղծման հետագա աշխատանքներին:
























































