Մյունխենի «Բավարիան» մտադիր չէ հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին: Այս մասին հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը Թվիթերի իր էջում:
Աղբյուրի փոխանցմամբ,«Բավարիայում» ընդհանրապես չի քննարկվում Տուխելի ապագայի հարցը թիմի ղեկին: Ղեկավարությունը միանգամայն վստահում է մասնագետին: Չի նախատեսվում նաև, որ ղեկավարությունը կսկսի քննարկել Տուխելի ապագայի հարցը ակումբի՝ մայիսի 30-ին կայանալիք վերահսկիչ խորհրդի նիստում:
Գերմանացի մասնագետը կշարունակի գլխավորել թիմը, անգամ եթե ակումբը այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճի:
Տուխելը մրցաշրջանի ընթացքում է գլխավորել «Բավարիան»՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուլիան Նագելսմանին: Մինչև Տուխելի գալը մյունխենյան ակումբը կարողացել է դուրս գալ Չեմպիոնների լիգայում՝ մրցաշարի ոչ մի խաղում պարտություն չկրելով, դուրս է եկել Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակիչ և երկրորդ տեղով էր ընթանում Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում:
Նոր գլխավոր մարզչի հետ «Բավարիան» դուրս է մնացել եվրագավաթներից և Գերմանիայի գավաթի խաղարկությունից, իսկ վերջին տուրից առաջ դորտմունդցիներին զիջում է 2 միավորով:
























































