«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի սպասելիքներով։
«Մենք գիտենք, թե որքան լավն են մրցակիցները: Բարդ հանդիպում է լինելու, և մենք պետք է ցույց տանք մեր լավագույն խաղը։ Պետք է շատ համախմբված աշխատենք, եթե ցանկանում ենք հաղթել։ Մեզ հակադրվում է հիանալի թիմ, որը, ինչպես մենք, վերջին շրջանում իր առաջնությունում արժանի արդյունք չի ցույց տալիս։
Մեր նպատակը քառորդ եզրափակիչ դուրս գալն էր։ Այժմ մենք այստեղ ենք, մենք հնարավորություն ունենք դուրս գալ լավագույն քառյակ: Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմերի դեմ։ Որպես հարձակվող՝ ես միշտ անհանգստանում էի, երբ հնարավորություններ չէի ունենում։ Իսկ իմ տղաները հնարավորություններ են ստեղծում, պարզապես պետք է հանգստություն պահպանել և սպասել հարմար պահի»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Ինտեր»-«Բենֆիկա» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին Միլանում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Առաջին խաղում միլանյան թիմը հաղթել է (2-0):























































