«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը բացատրել է գավաթում «Ռեալից» կրած պարտությունը և խոսել կադրային որոշումների մասին։
«Պեդրին ու Դեմբելե՞ն։ Նրանք ցանկանում են որքան հնարավոր է շուտ վերադառնալ, բայց մենք չենք կարող վտանգել նրանց առողջությունը։ Նրանք պետք է լիովին վերականգնվեն… Մենք ցանկանում ենք դառնալ Իսպանիայի չեմպիոն, և վաղը ևս մեկ քայլ կլինի դեպի դա։ «Ժիրոնայի» նկատմամբ հաղթանակը կարող է մեզ 15 միավորի առավելություն բերել մրցաշարային աղյուսակի ամենամոտ հետապնդողի նկատմամբ:
Երկրպագուների աջակցությունն ու «Ռեալից» կրած պարտությունը մեզ էլ ավելի են մոտիվացնում։ Վերլուծեցինք Գավաթում անհաջողության պատճառները, պարտվեցինք անհատական սխալների պատճառով, հատկապես առաջին խաղակեսում դրանք շատ էին։ Սխալները երբեք չեն ներվում, և «Ռեալի» նման մրցակիցները միշտ ստիպում են նրանց թանկ վճարել: Աբդե՞ն։ Նա իրեն շատ լավ է դրսևորում «Օսասունայում» ։ Նա կարողանում է փոխել հանդիպման ընթացքը։ Երբ նա վերադառնա, մենք կգնահատենք նրա մարզավիճակը և կորոշենք՝ ինչ անել։ Նա կարող է ապագայում շատ կարևոր խաղացող դառնալ»,- Չավիի խոսքերը մեջբերել է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի՝ ապրիլի 10-ին, «Բարսելոնան» 28-րդ տուրի խաղում կմրցի «Ժիրոնայի» հետ։
























































