Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը խոսել է ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի՝ Բրազիլիայի հետ կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին: Նա նաև անդրադարձել է բրազիլացիների պարերի հանդեպ իր վերաբերմունքին.
«Բրազիլացինե՞րը. թող նրանք պարեն: Դրանում ոչ մի անհարգալից բան չեմ տեսնում: Յուրաքանչյուր բրազիլացու մեջ ապրում է երաժշտությունը: Ես գիտեմ, թե նրանք ինչպես են ապրում, և նրանց պարերի մեջ ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում: Իհարկե, ամեն ինչին կան խելամիտ սահմաններ:
Լավ եմ հասկանում պորտուգալերեն, այդ իսկ պատճառով ամենուր, որտեղ ես խաղացել եմ, ունեցել եմ բրազիլացի ընկերներ: Խաղից առաջ ես գրեթե բոլորի հետ խոսել եմ, բացի նրանցից, ում դեմ պետք է խաղամ: Բոլորն ինձ հաջողություն էին մաղթում: Հուսով եմ՝ մենք լավ հարաբերություններ կպահենք նաև խաղից հետո:
Բրազիլիան ֆավորիտ է: Նրանք այնքան շատ խաղացողներ ունեն, որ կբավականացնի երկու թիմի համար: Նրանք ուժեղ խաղացողներ են, որոնք կարող են փոխել խաղի տեմպը: Նրանք միշտ են ֆավորիտ եղել աշխարհի առաջնություններում, բայց մենք կենտրոնացած ենք մեզ և մեր խաղի վրա»,- Լովրենի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն:
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչը, որտեղ կմրցեն Բրազիլիան և Խորվաթիան, կկայանա վաղը՝ դեկտեմբերի 9-ին: Խաղի մեկնարկը 23:00-ին է: