Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Որարտուն» Վայքի Քաղաքային մարզադաշտում հյուրընկալվել է «Լեռնային Արցախի» կողմից և 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Հատկանշական է, որ խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացել է տանտերերի ֆուտբոլիստ Օլաոլուվա Օջետունդեն, բայց առաջին կեսի վերջնամասում «Որարտուն» 2 գոլ է խփել և հաղթողի կարգավիճակում ուղևորվել հանդերձարան։ Նախ՝ 36-րդ րոպեին, Օլեգ Պոլյակովը հավասարեցրել է հաշիվը, ապա 44-րդ րոպեին Եվհենիիի Ցիմբալյուկը առաջ է մղել իր թիմին։
Հաշիվը մնացել է անփոփոխ նաև երկրորդ խաղակեսում, սակայն 85-րդ րոպեից «Որարտուն» մնացել է 10 հոգով։
Ի դեպ, սա «Որարտուն» անպարտելիության շարքը հասցրել է 7 խաղի։
Այս հաղթանակի շնորհիվ «Որարտուն» արդեն 34 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Լեռնային Արցախը» 18 միավորով 5-րդ տեղում է։
Օրվա մյուս խաղում էլ «Արարատը» Չարենցավանում մրցել է «Վանի» հետ և 2 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։
Առաջին կեսում երևանյան թիմի կազմում գոլեր են հեղինակել իվուարցի հարձակվող Ամարա Տրաորեն (27′) և Արմանդ Դագրուն, որը 37-րդ րոպեին է գրավել մրցակցի դարպասը։
Այս խաղից հետո «Արարատը» 14 միավորով շարունակում է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր։ «Վանը» 17 միավորով 6-րդ տեղում է։
























































