«Անտվերպենի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը պատմել է՝ հրաժարվել է եվրոպական թոփ-ակումբներ տեղափոխվելուց.
«Թքած ունեմ փողերի վրա: Եթե մտածեի փողի մասին, իմ կարիերան բոլորովին այլ կերպ կդասավորվեր: Երբ ես «Ռոմայում» էի, կարող էի տեղափոխվել «Յուվենտուս», որը շատ էր ցանկանում ինձ հետ պայմանագիր կնքել: Ես կարող էի տեղափոխվել նաև «Չելսի», բայց ես նախընտրեցի լինել այն քաղաքում, որտեղ ինձ միշտ լավ են ընդունել թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ:
«Ռոմայի» հետ մենք հասանք մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, և ինձ համոզեցին մնալ, բայց երբ եկավ Մոնչին, նրանք չցանկացան ինձ պահել: «Ռոման» մի քանի գործակալների հանձնարարեց ակումբին ներկայացնել բանակցությունների ժամանակ, և նրանք այնտեղից դուրս թողեցին իմ գործակալին: Այդ պահին ես որոշեցի՝ ուր գնալ, և ընտրեցի «Ինտերը», որպեսզի հետևեմ Սպալետիին»,- Նայինգոլանի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 10-ին Նայինգոլանը հեռացավ Միլանի «Ինտերից»: 2020/21 մրցաշրջանում բելգիացի կիսապաշտպանը վարձակալության հիմունքներով հանդես եկավ «Կալյարիում», իսկ օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ Նայինգոլանը պայմանագիր է կնքել «Անտվերպենի» հետ:
Ֆուտբոլիստը հայտարարեց, որ «Կալյարիի» ղեկավարությունը դավաճանել է իրեն:
























































