«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն մտածել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմից հեռանալու մասին։ Այս մասին հաղորդում են Cadena Ser-ն ու Sport.es-ը։
24-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը, իսկ դրա երկարաձգման վերաբերյալ բանակցությունները դժվար են առաջ գնում։
Նշվում է, որ ֆրանսիացին վճռականորեն տրամադրված է եղել մնալ Կատալոնիայում գոնե մինչև ամառ ու հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով, բայց Չավիի հետ հանդիպելուց ու գործակալների և ակումբի ղեկավարության բանակցություններից հետո փոխել է որոշումը։ Ֆուտբոլիստին ու նրա ներկայացուցիչներին հասկացրել են, որ նա չի խաղալու առաջին թիմում, եթե նոր պայմանագիր չկնքի։
Դեմբելեն անհանգստացած է, որ մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի պահեստայինների նստարանին, ինչը կնվազեցնի նրա՝ ԱԱ-2022-ի համար Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում տեղ գտնելու հնարավորությունը։ Ըստ իսպանական ԶԼՄ-ների՝ Ուսմանը վերջնական որոշում կկայացնի մոտ ժամանակներս։
























































