Հյուսիսային-Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) գոտում կայացան 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական խմբի հերթական հանդիպումները։
Մեքսիկան 2-1 հաշվով հաղթեց Ճամայկային: 50-րդ րոպեին Դանիել Ջոնսոնի գոլի շնորհիվ Ճամայկան կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ։ Սակայն ի վերջո Մեքսիկան հաղթանակ տարավ. աչքի ընկան Էնրի Մարտինը (81-րդ րոպե) և Էռնեստո Վեգան (83):
ԱՄՆ-ի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ Սալվադորի նկատմամբ՝ 1-0։ Միակ գոլը 52-րդ րոպեին խփեց Էնթոնի Ռոբինսոնը։
Կանադան 2-0 հաշվով հաղթեց Հոնդուրասին: Նախ ինքնագոլ գրանցվեց Դենիլ Մալդոնադոյի անվան դիմաց(10-րդ րոպե), իսկ երկրորդ գոլը խփեց «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը (73):
Կոստա Ռիկայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Պանամային 1-0 հաշվով։ 65-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Բրայան Ռուիսը։
Հիշեցնենք, որ ընտրական խմբում առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը կուղևորվեն Աշխարհի առաջնություն։ Չորրորդ թիմը միջմայրցամաքային փլեյ-օֆֆում կխաղա այլ կոնֆեդերացիայի թիմի հետ։
Մրցաշարային աղյուսակը 9 տուրից հետո՝
1. Կանադա՝ 19 միավոր;
2. ԱՄՆ — 18;
3. Մեքսիկա — 17;
4. Պանամա — 14;
5. Կոստա Ռիկա — 12;
6. Ճամայկա — 7;
7. Սալվադոր՝ 6;
8. Հոնդուրաս — 3
























































