38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը շաբաթվա վերջին բանակցություններ կվարի «Բարսելոնայի» հետ, հայտնում է Sport.es-ը։ Հանդիպման ընթացքում կքննարկվի ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրի հարցը։
Աղբյուրի փոխանցմամբ, Ալվեշի՝ կատալոնական ակումբ վերադարձով հետաքրքրված է թիմի նոր գլխավոր մարզիչ Չավին։ Նա ցանկանում է, որ վետերանը վերադառնա կատալոնական ակումբ։
Հատկանշական է, որ ավելի վաղ Ալվեշի վերադարձին դեմ էր արտահայտվել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։ Նա արգելափակել էր բրազիլացու տրանսֆերը։
Այս պահին Ալվեշն ազատ խաղացողի կարգավիճակ ունի։ Սեպտեմբերին նա հեռացել էր բրազիլական «Սան-Պաուլուից»։ Անձամբ բրազիլացին բազմիցս ասել է, որ պատրաստ է օգնել «Բարսելոնային»։ Ավելին, նա ասել էր, որ իր վերադարձը մեկ հեռախոսազանգի հարց է։
























































