«Մանչեսթեր Յունայթեդի» և Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելն արձագանքել է «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի՝ Ռոնալդուի ՄՅՈՒ վերադարձի մասին ասված խոսքերին։ Կարագերն ընդունել էր, որ պորտուգալացին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց ենթադրել էր, որ նրա վերադարձը կարող է բացասաբար անդրադառնալ ՄՅՈՒ-ի վրա․
«Կարծում եմ՝ դու պետք է ասեիր «Ես հուսով եմ, որ նրա վերադարձը բացասական ազդեցություն կունենա»։Տարբերությունը մեծ է։ Ես ոչ մի բացասական բան չեմ տեսնում այս տրանսֆերում։
Սա ակումբի՝ վերջին 10 տարվա լավագույն ձեռքբերումներից էր։ Մենք, որպես ակումբի երկրպագուներ, հույս ունեինք, որ նման մակարդակի խաղացողի հետ պայմանագիր կկնքվի։ Մարդիկ ասում են, որ Ռոնալդուն արդեն այնքան էլ լավը չէ։ Բայց փաստն այն է, որ նույնիսկ «Յուվենտուսում» իր ամենաթույլ մրցաշրջանում նա 28 գոլ խփեց։ Նախորդ մրցաշրջանում՝ 37։ Եթե այդ գոլերի գոնե կեսն ավելացնենք ՄՅՈՒ-ի արդյունքներին, ապա անհավանական մրցաշրջան կստացվեր»,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































