«Միլանի» երիտասարդական թիմի նախկին կիսապաշտպան Սեիդ Վիզինը ինքնասպան է եղել, հաղորդում է Corriere della Sera-ը: 20-ամյա երիտասարդի մարմինը գտել էին հունիսի 4-ին Նոչերա-Ինֆերիորեի իր բնակարանում:
Վիզինը ծնվել է Եթովպիայում, իսկ իտալական ընտանիքը որդեգրել էր նրան մանկության տարիներին: 2014-ին նա հրավիրվել էր «Միլան», Վիզինը Ջանլուիջի Դոնարումայի հետ խաղում էր «ռոսոներիների» երիտասարդական թիմերում: 2016-ին Սեիդը տեղափոխվել էր «Բենևենտո», սակայն վեց ամիս անց նա հեռացել էր մեծ ֆուտբոլից: Վիզինը վերջերս դարձել էր «Ատլետիկո Վիտալիկի» ֆուտզալի թիմի խաղացող:
Ֆուտբոլիստը բազմիցս բարձրաձայնել է՝ դատապարտելով ռասիզմը: Վիզինի հուղարկավորության արարողությանը այս թեմայով կարդացվել է մի նամակ, որը նա 2019-ին ուղարկել էր իր ընկերներին և հոգեթերապևտին: «Ժամանակի ընթացքում ինչ-որ բան փոխվել է իմ մեջ: Ասես ես ամաչում էի սև լինելուց, կարծես վախենում էի, որ ինձ շփոթելու են միգրանտների հետ, կարծես պետք է ապացուցեի ինձ չճանաչող մարդկանց, որ ես նրանց հետ նույնն եմ, որ ես իտալացի եմ և սպիտակ», — գրել է մարզիկը։