Մայիսի 17-ի երեկոյան Տրիգորիայում `Հռոմի տարածքում, որտեղ գտնվում է «Ռոմայի» մարզաբազան, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Տեղական ժամանակով երեկոյան 19:30-ի սահմաններում, «Սասուոլոյի» հարձակվող Ջանլուկա Սկամակայի (Սկամական այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ջենովայում») հայրը` Էմիլիանո Սկամական, մտել է «գայլերի» մարզական կենտրոն, ապա գնացել ավտոկայանատեղի, որտեղ նա սկսել է ջարդուփշուր ակումբի անձնակազմի մեքենաները:
Հաղորդվում է, որ վնասվել են «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագո Պինտոյի, գլխավոր մարզչի օգնական Ատիլիո Լոմբարդոյի և դարպասապահների մարզիչ Մորգան Դե Սանկտիսի մեքենաները։ Նաև տարհանվել են հռոմեական ակումբի ակադեմիայի երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր մարզումներ էին անցկացնում մոտակայքում:
Ի վերջո, Սկամակայի հայրը, ով կրում էր «Սասուոլո» մարզաշապիկը, բերման է ենթարկվել դեպքի վայր ժամանած ոստիկանության կողմից: Առայժմ անհայտ են մնում 22-ամյա հարձակվողի ծնողի նման պահվածքի պատճառները:
Հարկ է նշել, որ Ջանլուկան ավարտել է «Ռոմայի» ակադեմիան։ Իր կարճ կարիերայի ընթացքում ֆուտբոլիստն արդեն փոխել է ութ ակումբներ՝ երիտասարդական և մեծահասակների մակարդակում: Ընթացիկ մրցաշրջանում Սկամական անցկացրել է 29 հանդիպում, որոնցում կարողացել է 12 գոլ խփել ու երկու գոլային փոխանցում կատարել:
























































