«Ռոմայի» առաջատարներից մեկի՝ Հենրիխ Մխիթարյանի ապագան հռոմեական ակումբում դեռ անորոշ է։ Ֆուտբոլիստի պայմանագիրը իտալական ակումբի հետ լրանում է այս ամառ, իսկ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ դեռ ոչ մի տեղեկություն չկա։
Օրերս հայտնի դարձավ, որ հաջորդ մրցաշրջանում «Ռոման» կգլխավորի Ժոզե Մոուրինյուն, ում գլխավորությամբ Մխիթարյանն արդեն հանդես էր եկել ՄՅՈՒ-ի կազմում։ Դեռ հայտնի չէ, հայ ֆուտբոլիստն արդյոք մտնում է պորտուգալացու ապագա ծրագրերի մեջ, թե ոչ։ Ըստ միջազգային մամուլի, իր հերթին Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, իսկ կոնկրետ նշվում են «Յուվենտուսն» ու «Զենիթը»։
90min-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն առաջին հերթին կցանկանար հանդիպել և զրուցել նորանշանակ մարզչի հետ, որից հետո նոր կողնորոշվել իր ապագայի հարցում։
Ա Սերիայի այս մրցաշրջանում Մխիթարյանն իր ակտիվում ունի 10-ական գոլ և գոլային փոխանցում։