«Մանչեսթեր Սիթին» ավարտում է «Բորնմութի» հոլանդացի 25-ամյա կենտրոնական պաշտպան Նատան Ակեի տեղափոխությունը, վստահեցնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ «Թվիթերում»:
«Նատան Ակեն «Մանչեսթեր Սիթիում» է. գործարքն ավարտված է: «Սիթիի» և «Բորնմութի» միջև լիարժեք համաձայնություն է ձեռք բերվել, անձնական պայմանագիր ֆուտբոլիստի հետ, իսկ առաջիկա օրերին նաև բուժզննում»,- վստահեցնում է աղբյուրը:
Հաղորդվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 43 մլն եվրո: Ի դեմս Ակեի՝ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այլընտրանքային տարբերակ է տեսնում «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին, որի հետ երկար ժամանակ բանակցություններ էր վարում «Մանչեսթեր Սիթին»:
Նատան 2016 թվականից է հանդես գալիս «Բորնմութում»: Սկզբում նա ակումբում հանդես էր գալիս վարձակալությամբ՝ «Չելսիից», ինչից հետո ակումբը գնեց նրա տրանսֆերը: Անգլիայի Պրեմիեր-լիգայի ավարտված մրցաշրջանում «Բորնմութը» մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականն է զբաղեցրել և հայտնվել Չեմպիոնշիփում: Անձամբ ֆուտբոլիստն առաջնության 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: