Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կարող էր փոխել ակումբը հունվարին, հայտնում է Sport Bild-ը:
2019 թվականի աշնանը գերմանական Բունդեսլիգայի գործող չեմպիոնի սանն ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել իրեն Նիկո Կովաչի՝ մյունխենցիների այդ ժամանակվա գլխավոր մարզչի հետ ունեցած խնդիրների պատճառով:
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսն է համոզել Մյուլերին մնալ մյունխենյան ակումբում: Նոյեմբերին Կովաչը հեռացվել է, իսկ Հյոնեսին փոխարինել է Հերբերտ Հայները: Ապրիլին Թոմասն ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը Գերմանիայի առաջնության 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Մյուս մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Գերմանիայի Գավաթ, Գերմանիայի Սուպերգավաթ) 30-ամյա հարձակվողը 12 հանդիպման է մասնակցել, որոնցում 4 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում կատարել: