Դեռ մեկ օր էլ չի անցել, ինչ «Բենևենտոն» նվաճել է Ա Սերիայի ուղեգիր, բայց ակումբն արդեն բավականին ագրեսիվ քաղաքականություն է վարում տրանսֆերային շուկայում։
2017/18 մրցաշրջանը բոլորին անակնկալ մատուցեց, երբ իտալական ֆուտբոլի չափանիշներով համեստ «Բենևենտոն» հայտնվեց Ա Սերիայում։ Իհարկե, «վհուկների» խրախճանքը իտալական ֆուտբոլային էլիտայում երկար չտևեց և նրանք հաջորդ մրցաշրջանում կրկին վերադարձան Բ Սերիա։
Եվ ահա, երկու տարի անց, Բենևենտո քաղաքը կրկին իր ներկայացուցիչը կունենա Ա Սերիայում։ «Բենևենտոն»՝ Ֆիլիպո Ինձագիի գլխավորությամբ, Բ Սերիայի առաջին թիմն է, որը նվաճել է Ա Սերիայի ուղեգիր։
Բ Սերիայի 31-րդ տուրի խաղում «Բենևենտոն» տանը հաղթեց «Յուվե Ստաբիային» 1-0 հաշվով: Այսպիսով, մրցաշրջանի ավարտից յոթ տուր առաջ «վհուկները» 24 միավորով գերազանցում են երկրորդ և երրորդ տեղերի թիմերին, ինչը երաշխավորում է ակումբի մասնակցությունը Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանում:
Ի դեպ, «Բենևենտոն» հիմնադրվել է հեռավոր 1929 թվականին և գրեթե իր ամբողջ պատմության ընթացքում հանդես է եկել Իտալիայի ֆուտբոլային ցածր դիվիզիոններում։ 2015/16 մրցաշրջանից սկսել է հանդես գալ Բ Սերիայում, իսկ այս մրցաշրջանում պարզապես հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում և արդարացիորեն լավագույնն էր կարգով երկրորդ իտալական լիգայում։
Անցած տարվա ամառվանից թիմը գլխավորում է իտալական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Ֆիլիպո Ինձագին։ Ասել, թե թիմը կազմված է հայտնի և շատ բարձրակարգ ֆուտբոլիստներով, սխալ կլինի։ Սակայն Ինձագիին հաջողվել է հավաքել բավականին մարտունակ և ամբիցիոզ թիմ։
Ֆուտբոլիստներից կարելի է առանձնացնել փորձառու պաշտպան Քրիստիան Մաջիոյին, ով 38 տարեկան հասակում դեռևս բավականին լավ մարզավիճակում է։ Նրա հետ պաշտպանությունում գործում են ևս երկու փոձառու պաշպաններ՝ Գաետանո Լետիցիան և Լուկա Կալդիրոլան։ Կիսապաշտպանությունում խաղի կազմակերպման գործըթացը ստանձնել է գերմանացի Օլիվեր Կրագլը, ով թիմի կազմում առաջատարն է գոլային փոխանցումների քանակով (7): Կիսապաշտպաններից կարելի է առանձնացնել նաև փորձառու ֆինն ֆուտբոլիստ Պերպարիմ Հետեմային, «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Տելլոյին և կիսապաշտպան Ռիկարդո Իմպրոտային։ Իսկ թիմի հարվածային գլխավոր ուժը կազմում են Ինսինյե-Սաու-Վիոլա եռյակը։ Բոլորն էլ փոձառու ֆուտբոլիստներ են, իսկ Ռոբերտո Ինսինյեն, ի դեպ, «Նապոլիի» առաջատարներից մեկի՝ Լորենցո Ինսինյեի կրտսեր եղբայրն է։
Թիմն արդեն սկսել է ագրեսիվ քաղաքականություն վարել տրանսֆերային շուկայում
«Բենևենտոն», վերադառնալով Ա Սերիա, ցանկանում է համալրել իր կազմը հարձակվող Լոիկ Ռեմիով: Ըստ իտալական ԶԼՄ-ների, 33-ամյա ֆրանսիացու պայմանագիրը լրացել է «Լիլի» հետ, կմիանա Ֆիլիպո Ինձագիի թիմին՝ որպես ազատ գործակալ: Ֆուտբոլիստն արդեն մեկնել է Բենևենտո և այսօր բուժզննում կանցնի: Նշվում է նաև, որ «վհուկների» կազմը կարող է համալրել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Անդրե Շուրլեն: Հիշեցնենք, որ «Սպարտակը» որոշել է չգնել 29-ամյա գերմանացու ամբողջական տրանսֆերը, ով վարձավճարով հանդես էր գալիս «կարմիր-սպիտակների» կազմում։ Տեղեկություններ են հայտնվել նաև այն մասին, որ թիմը մոտ է «Մոնակոյի» պաշտպան Կամիլ Գլիկին ձեռք բերելուն:
Իհարկե, վերը նշված ֆուտբոլիստներին ձեռք բերելով, Ա Սերիայի նորեկները բավականին կուժեղացնեն իրենց կազմը։ Այս ամենից հետևում է, որ «Բենևենտոն» բավականին հեռանկարային ծրագրեր է կազմում՝ ցանկանալով ամրապնդվել Ա Սերիայում երկար ժամանակով։ Դե ինչ, շուտով ինքներս կտեսնենք, թե ինչպես հանդես կգան «վհուկները» արդեն՝ կարգով ավելի բարձր մրցակիցների հետ․․․